Մասնավոր ընկերությանը վարձակալությամբ տրված արագաչափերը, տեսախցիկները վերադարձվում են ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը: Այս մասին կառավարության՝ հոկտեմբերի 20-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք», - ասել է նա:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ հավելեց՝ համակարգի կառավարումն իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից:

«Ասեմ ավելին՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում՝ աշխատանքը շարունակելու համար», - նշեց ոստիկանապետը:

Դեռ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը: Այդ օրը Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

--00—ԼՄ