Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկները հայտնաբերել են հրազեն․ երկու անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի հրազեն են հայտնաբերել։ Նրանք ժամը 4.10-ի սահմաններում Նոր Նորքի Թևոսյան փողոցում ստուգման նպատակով մոտեցել են երկու երիտասարդի։ Երիտասարդները հայտնել են իրենց անունները, ապա Վարդան ներկայացած անձը մոտի պայուսակը նետել է ընկերոջ ուղղությամբ, նա էլ՝ նետել է թփերի մեջ։

Այնուհետև երիտասարդները փախել են։ Պարեկներին հաջողվել է մեկին բռնել ու ձերբակալել, իսկ մյուսը շարունակել է փախուստը։ Նրա արտաքինի վերաբերյալ կողմնորոշումներ են փոխանցվել Նոր Նորքում ծառայություն իրականացնող այլ կարգախմբերի, որոնք էլ կարճ ժամանակում հայտնաբերել ու ձերբակալել են։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով։ Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը. Երևանի բնակիչ են՝ 24 և 19 տարեկան։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Նրանք ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Կատարվում է նախաքննություն:

--00—ԶՀ