Զորամասի հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

1

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը, խոսքն ուղղելով ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին, հետաքրքրվել է․ «Ձեր տվյալներով է՞լ է, որ մեծ քանակությամբ բենզին է օգտագործվել, որը բռնկվել է, և հնարավոր չի եղել մարել»։

Քյարամյանը պատասխանել է․ «Այո՛, պարո՛ն վարչապետ։ Գիշերը՝ ժամը 1։30-ի սահմաններում, ՊՆ-ի զորամասերից մեկի 1 վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։

Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ, և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով․ դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ ՓԾ, ՆԳՆ հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց, իհարկե, հեռավորությունը բավականին մեծ է եղել, և այդ հեռավորության պայմաններում, ըստ էության, պատշաճ ժամկետում տեղ է հասել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել էր, որ, ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել։

--00—ԼՄ