Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև միշտ խաղաղություն կտիրի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Screenshot 2023-02-16 181454

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Ռուբինյանը, որը նաև Հայաստանի ԱԺ փոխնախագահն է, նախօրեին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Թուրքիայում այցելել է աղետի գոտի, Ադըյամանում ծանոթացել հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքին։

«Անադոլու»-ի հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում հետևում են աղետի գոտում իրավիճակի մասին հրապարակումներին, սակայն տեղում հայկական պատվիրակությունը բախվել է ավերածությունների շատ ավելի մեծ պատկերի։

«Աղետի առաջին իսկ օրվանից մենք որոնողափրկարարական խումբ ենք ուղարկել Թուրքիա։ Բացի այդ, մարդասիրական փոխադրումներ են իրականացվել հայ-թուրքական սահմանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հարկ համարեցինք անձամբ գալ այստեղ և հայտնել մեր ցավակցությունն ու աջակցությունը»,-ասել է Ռուբինյանը։

«Այսօր, ցավոք, մեզ ողբերգական դեպքն է համախմբել, սակայն հուսով ենք, որ մի օր միասին կլինենք ուրախ առիթներին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ ցավակցությունները հայտնել մարդկանց, որոնք կորցրել են իրենց հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։ Հուսով եմ, որ այսուհետ մեր միջև միշտ խաղաղություն կտիրի»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեմային՝ Ռուբինյանը նշել է, որ դա, առաջին հերթին, կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, երկրորդ՝ տնտեսական համագործակցություն, ինչպես նաև փոխգործակցություն այլ ոլորտներում։

Նա հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլի օրը դեռ նշանակված չէ, սակայն շատ կարևոր է, որ Հայաստանն ու Թուրքիան կապող կամուրջը բացվել է ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ։

--00—ՅՄ