Գրիգորի Խաչատուրուվը կալանավորվեց 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

գգ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության բողոքը։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։

Փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

 

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:

Անշարժ գույքը որպես այդպիսին Արարատի մարզի Ավշար համայնքում տեղակայված նախկին, դեռևս 1990-ականներից չգործող զորամասի տարածքն է, որի նկատմամբ գեներալ-մայորը որևէ սեփականության իրավունք չի ունեցել և չունի։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ