«Հայկական ավիաուղիները» Սլովենիայից երկրորդ ինքնաթիռն է տեղափոխել Երեւան․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

f150416d-30dd-462b-b3ac-344db3aa15dd.jpg

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը երեկ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայից Երեւան է տեղափոխել իր երկրորդ օդանավը: Այս մասին գրում է «Հետքը»։

2021-ի փետրվարին հիմնադրված եւ 2022-ի դեկտեմբերին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացած այս նոր փոխադրողը, այս տարվա մարտից սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Ընկերությունն ունի IATA-ի (JI) եւ ICAO-ի (AAG) կոդեր, որոնք նրան հնավարություն են տալիս իրականացնել կանոնավոր ու ոչ կանոնավոր միջազգային թռիչքներ: Հիշեցնենք, որ այս օպերատորը որեւէ առնչություն չունի ՀՀ նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հետ, որը սնանկ էր ճանաչվել 2004-ին ու լուծարվել 2020-ին: Այդուհանդերձ, նոր փոխադրողը կրում է ոչ միայն այլեւս գոյություն չունեցող հայտնի ավիաընկերության անունը, այլեւ տարբերանշանը՝ լոգոն:  

Նախորդ տարվա դեկտեմբերին օդանավերի հայկական ռեգիստրում գրանցվել էր նոր «ՀԱՈւ»-ի առաջին ինքնաթիռը՝ EK-AAD համարով «Airbus A321-200»-ը: Նկատենք, որ սա հայկական ռեգիստրում գրանցված առաջին «A321»-ն է: Այն մեր երկիր էր տեղափոխվել նույն ամսում: EK-AAD-ն արտադրվել է 2012-ին, նախկինում շահագործվել է Հրվ. Կորեայում, ապա մի որոշ ժամանակ գրանցված էր ավստրիական ռեգիստրում, սակայն գտնվում էր Լյուբլյանայում, որտեղ տեխսպասարկում էր անցնում: Այստեղից էլ արդեն «ՀԱՈւ»-ի գույներով օդանավը ժամանել էր Երեւան 2022-ի դեկտեմբերին ու հիմա թռչում է հայկական երկնքում:

Ինչ վերաբերում է երկրորդ «A321»-ին, ապա սա նախորդից մի փոքր հին է՝ թողարկվել է 2007-ին: Բայց երկուսն էլ տեղավորում են 220 նստատեղ: Երկրորդ «Airbus A321»-ը նախկինում շահագործվել է Մեծ Բրիտանիայում, Շրի Լանկայում եւ Ռուսաստանում: Օդանավը 2022-ի մարտին դուրս էր բերվել ռուսական շահագործումից (ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների շրջանակներում) ու տեղափոխվել էր Ստամբուլ, ապա՝ Լյուբլյանա: 2022 թ. մարտ-դեկտեմբերին այն գտնվում էր Սլովենիայում, հետո տեղափոխվել էր անգլիական Նորվիչ, որտեղ ներկվել էր «ՀԱՈւ»-ի գույներով ու կրկին վերադարձել Լյուբլյանա, որտեղ գտնվում էր մինչեւ երեկ:

--00—ԶՀ