ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1109672.jpg

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 19-24-ը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների ԱՄՆ Կոնգրեսում,  Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում։
 
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, մշտական ներկայացուցիչն իր ելույթներում երախտագիտություն է հայտնել Միացյալ  Նահանգներին և բոլոր այն երկրներին, որոնք հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին դիվանագիտության և հումանիտար ծրագրերի միջոցով բազմաթիվ կյանքեր են փրկել։

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ցեղասպանության չարիքն առկա է նաև 21-րդ դարում, ինչի վառ դրսևորումն է 2020 թվականին Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նորաստեղծ ժողովրդավարության դեմ  սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և ռազմական հանցագործություններով։

Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ վարվող ահաբեկչական քաղաքականությանը, մասնավորապես, Արցախի՝ շուրջ հինգ ամիս շարունակվող շրջափակմանը, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և էլեկտրականության խափանումներին և այլն։
 
«Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի․ կազմակերպիչները ցանկանում են, որ Արցախի բնիկ հայերը կանգնեն երկընտրանքի առաջ՝ կամ լքել իրենց պատմական հայրենիքը, կամ մնալ ու մեռնել սովից, ցրտից ու հիվանդություններից»,-նշել է Ռոբերտ Ավետիսյանը։
 
Այս համատեքստում Ռոբերտ Ավետիսյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք գործողությունները՝ ուղղված նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, սակայն, ցավոք, այն չի ավարտվել։ Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ: Աշխարհաքաղաքական կամ մերկանտիլ շահերը տեղ չունեն, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը ցեղասպանություններից, ֆաշիզմից կամ ագրեսիվ ծավալապաշտությունից»,-հայտարարել է մշտական ներկայացուցիչը։

--00—ԶՀ