Նիկոլն ուզում է բոլորի լուռ համաձայնությունը. անհրաժեշտ է ցույց տալ՝ նա չունի լեգիտիմություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

վահե

Ասուլիսից հետո իրավիճակը շատ պարզ է. հիմա, այս ամենը լսելուց հետո, լռելը, ձայն չհանելը, կյանքը հանգիստ շարունակելը՝ իբր ոչինչ չի պատահել, անհատական և կոլեկտիվ մակարդակներով, նշանակում է՝ ստորագրել Նիկոլի արած հայտարարությունների տակ: Այդ մասին իր հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Հայտարարությունների, որոնք հնչել են Արցախի, անկլավների, զոհերի, զոհերի ծնողերի, եկեղեցու, ընդհանուր բարոյականության շուրջ: Դա վերաբերում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ նախկին նախագահներին, քաղաքական ուժերին, ԱԺ խմբակցություններին, հավասարապես՝ խմբակցությունների խիստ բարեկեցիկ և նվազ բարեկեցիկ անդամներին, և այլն: Վերաբերում է մտավորականներին, արվետի մարդկանց, հանրային հեղինակություն վայելող դեմքերին: Վերաբերում է հասարակությանը՝ ամբողջությամբ:

Հասարակությունն իր լռությամբ արդեն մեկ անգամ ստորագրել է նույն Փաշինյանի արած հրեշավոր մի հայտարարության տակ՝ այն մասին, որ կռիվն ինքը հնարավոր պահի չի կանգնեցրել, որպեսզի իրեն չանվանեն դավաճան: Հիմա հասարակությանը սպառնում է երկրորդ ստորագրությունը: Այսօր բոլոր քաղաքական և հանրային ուժերն ու անհատները անհատապես պետք է արտահայտվեն, եթե չեն ուզում դնել իրենց ստորագրությունը: Նիկոլն այս հայտարարությամբ փորձում է ստանալ հանրային լեգիտիմություն՝ իր քայլերի համար, քանի որ գիտակցում է, որ միայն 2021-ի թղթե մաշված մանդատն արդեն բավարար չէ այս ծանրության որոշումներ անցկացնելու համար:

Նա փորձում  է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը: Մեզ անհրաժեշտ է ցույց տալ, որ նա իր գործողություններում և պայմանավորվածություններում չունի հանրային լեգիտիմություն, որ նա չի ներկայացնում լայն հասարակությանը՝ իր բոլոր խմբերով՝ քաղաքական ուժեր, հանրային կառույցներ, ազդեցիկ անհատներ: Բոլորը, ովքեր չեն պատրաստվում ստորագրել Նիկոլի ասածների տակ, պետք է արտահայտվեն: Այդ թվում՝ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող պետական պաշտոնյաները և նաև հենց իր՝ Նիկոլի քաղաքական ուժի ներկայացուցիչները»,- նշել է նա։ 

--00—ԶՀ