Կարևորվել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Վիլնյուսում մարտի 21-ին տեղի է ունեցել Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված «Արևելյան գործընկերության տասնամյակը․ ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ է սպասվում» խորագրով համաժողովը, որին մասնակցել  և ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը (Linas Linkevičius), ով անդրադարձ է կատարել տասը տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հիմնական ձեռքբերումներին` վերահաստատելով Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ԱԼԳ անդամ երկրներում տեղի ունեցող բարեփոխումներին, հայտնում եմ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Համաժողովի առաջին մասում ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին, կարևորել է ԵՄ և մասնավորապես ԱԼԳ գործիքակազմի ընձեռած հնարավորությունների դերը Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում։ Կարևորելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը՝ դեսպան Մկրտչյանը հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից մեծ թափով իրականացող բարեփոխումների օրակարգն իր դրական ազդեցությունը կունենա այս հարցում։ Դեսպանն ընդգծել է, որ Լիտվան և Բալթյան մյուս երկրները միանշանակ աջակցում են Հայաստանին այս հարցում։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է նաև ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն համարելով որպես ԱԼԳ շրջանակներում կարևոր ձեռքբերում։ Դեսպանն իր շնորհակալությունն է հայտնել Բալթյան երեք երկրների ներկայացուցիչներին համաձայնագիրն առաջինը վավերացնելու համար՝ ընդգծելով ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից փաստաթղթի վավերացման կարևորությունը։

Եվրոպական Միության խորհրդում Ռումինիայի նախագահության շրջանակներում համաժողողվին ելույթ է ունեցել  նաև Ռումինիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դանութ Նիկուլաեսկուն (Dănuț Neculăescu), ով, ներկայացնելով ԵՄ խորհրդում Ռումինիայի առաջնահերությունները, ընդգծել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԱլԳ մասնակից երկրների համար Եվրամիության և անդամ պետությունների հետ համագործակցություն ծավալելու հարթակի՝ դրվատանքով խոսել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների և վարչապետ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին։

Համաժողովին ելույթներ են ունեցել նաև ԱԼԳ անդամ երկրներից Ուկրաինայի, Մոլոդովայի և Վրաստանի, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: