ԳՇ-ից Փաշինյանին ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել. Տիրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Խ

Զինված ուժերի Գլխավոր շտաբը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր կարող մտացածին բաներ զեկուցել, սակայն զեկուցման ժամանակ ես չեմ եղել ո՜չ Նիկոլ Փաշինյանի, ո՜չ էլ Օնիկ Գասպարյանի կողքին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի արդյունքներին վերաբերյալ երեկ արված հայտարարություններին։

Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի, նա ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանից է իմացել, որ ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ փակել ճանապարհը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չի հաստատել այդ տեղեկատվությունը։

«Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, իսկ ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ։», - նշել էր Փաշինյանը։

Հարցին, արդյոք անճշտություններ եղե՞լ են Գլխավոր շտաբի ու Պաշտպանության բանակի միջև, ինչպե՞ս է ստացվում, որ Արայիկ Հարությունյանն այլ տեղեկություն է հաղորդել, Գլխավոր շտաբը՝ այլ, Տիրան Խաչատրյանը պատասխանեց.

- Նորից եմ ասում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողքն եմ կանգնած եղել զեկույցը ընդունելուց, ո՛չ էլ զեկուցողի կողքն եմ կանգնած եղել զեկուցելուց:

- Այսինքն՝ կասկածի տա՞կ եք դնում Օնիկ Գասպարյանի զեկույցը․

-Ոչ, թող որևէ մեկի մտքով չանցնի, որ ԳՇ-ից մտացածին բան կարող են զեկուցել, մանրամասներ չգիտեմ՝ ինչ է զեկուցվել, բայց ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել: Իսկ Փաշինյանի արած հայտարարություններին Օնիկ Գասպարյանը կարող է պատասխանել, ինքը գնում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստերին, այնտեղ այդ հարցերը հավանաբար իրեն կտրվեն, ինքն էլ կպատասխանի:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկին, ասելով, որ եթե առաջարկը ընդունվեր, Շուշիում 90 տոկոսից ավելի փախստականներ էին լինելու, ճանապարհ էր կառուցվելու դեպի Շուշի և Մեղրիում սահամանապահներ էին կանգնելու, Խաչատրյանը պատասխանեց, որ առաջարկներին տեղյակ չէ:

Հարցին, թե արդյոք Խաչատրյանին չի՞ ներկայացվել այդ առաջարկները, ԳՇ պետի նախկին տեղակալը պատասխանեց.

- Մեզ հետ նման հարց երբեք չի քննարկվել, հնարավոր է՝ ԳՇ պետի հետ քննարկել է, ես տեղյակ չեմ: Չգիտեմ՝ ինչ են իրեն առաջարկել, որքանով է իրական, որքանով սուտ: Ինչ վերաբերում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին մասնակցելուն, ապա երբեք որոշումս չեմ փոխի մասնակցել, իմ կարծիքն ու վերաբերմունքը հայտնել եմ բազմիցս և այն անփոփոխ է:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ