Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

արց

2023 թվականի հունիսի 22-25 Պանամայում տեղի է ունեցել Ընկերվար/սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth)  բարձրագույն ժողովը (IUSY World Congress)։ Երկու տարին մեկ պարբերականությամբ  գումարվող ժողովին մասնակցել են կազմակերպություններ շուրջ 70 երկրներից՝ 300 պատվիրակներով:

Բարձրագույն ժողովում ղեկավար մարմինը ներկայացնում է  հաշվետու զեկույց, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում նոր ղեկավար մարմին: ՀՅԴ Երիտասարդականի կողմից ժողովին մասնակցում էին ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը և ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը:

Ժողովում կարևորագույն նշանակություն ունի բանաձևերի ներկայացումն ու որդեգրումը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Պանամայում ընդունվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող և Ադրբեջանի կողմից Ացախի ժողովրդի նկատմամբ  էթնիկ զտման քաղաքականությունը դատապարտող բանաձև: Կազմակերպությունը կոչ է արել առանց որևէ նախապայմանի անհապաղ բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Արցախի շրջափակմանը։

Թուրքայի Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության երիտասարդական թևի լիիրավ անդամակցության դիմումը մերժվել է՝ մասնավորապես կազմակերպության Հայոց Ցեղասպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, քրդական փոքրամասնության իրավունքների և Թուրքիայում Սիրիայի փախստականների վերաբերյալ դիրքորոշումների պատճառով:

Ժողովի ավարտին կայացել է  նոր նախագահության ընտրություն․ արդյունքում՝ ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու Սարինե Աբրահամյանը վերընտրվել է Ընկերվար երիտասարդների միջազգային միության փոխնախագահ:

Սարինե Աբրահամյանը, մեկնաբանելով ընդհանուր ժողովը, փոխանցել է․ «ԸԵՄՄ-ի նախագահությունում վերընտրությունը պատիվ է և պարտավորեցնող: ԸԵՄՄ-ն ազդեցիկ հարթակ է մեր ազգային շահերը բարձրացնելու և քաղաքական այլ ուժերի հետ կապեր ստեղծելու: ԸԵՄՄ-ի ընդհանուր ժողովում ՀՅԴ Երիտասարդականի արձանագրած հաջողություններն ուղերձ են առ այն, որ որ ՀՅԴ Երիտասարդականը բոլոր բնագավառներում շարունակում է ազգային խնդիրների շուրջ պայքարը»։

Հիշեցնենք՝ Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի (Սոցիալիստական Ինտերնացիոնալ) ուղեկից երիտասարդական կազմակերպությունն է, որին անդամակցում են ավելի քան 163 կազմակերպություններ՝ աշխարհի շուրջ 110 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։

 

--00—ԱՊ