ԱԱԾ-ն բացահայտել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցանքի դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24news

AAC

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թիվ 15160723 քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խմբի կազմում Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ-ին խոշտանգելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ:

Քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Հ-ի և նրա տեղակալ Գ. Խ-ի նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարութային գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ ծառայողների ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և, արդյունքում, քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ