Պահանջում եմ անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու գործողությունները․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Գեղամ-Ստեփանյան

Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը, 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը։

Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։

Հեռախոսազրույց եմ ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։ Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տանյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը։

Պահանջում եմ զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։

--00—ՅՄ