ՀՀ նախագահն ու Նիդերլանդների դեսպանը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ կատարել եք, ինչպես նաև այն ջանքերի համար, որոնք ներդրել եք հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման համար»:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է. «Պարոն նախագահ, շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իմ դիվանագիտական առաքելությունը մոտենում է իր ավարտին, և իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր համագործակցության համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև սերտ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և խաղաղության մարտահրավերներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով գնահատելի են Նիդերլանդների և Եվրամիության կողմից ներդրված ջանքերը: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցմանը նպաստելու գործում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ:

--00—ՅՄ