ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանա, Ստեփանակերտը պիտի լինի բանակցությունների սուբյեկտ. Սամվել Շահրամանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

l-d6kYpklf9I

Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:

Սամվել Շահրամանյանը կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:

Ծրագրային դրույթներից  թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:

«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է նախագահի թեկնածուն :

Նա  խոսել է պետականության հիմքերը խարխլող  քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:

Սամվել Շահրամանյանը բոլորին շնորհակալություն է հայտնել և վստահության մթնոլորտում փոխգործակցելու պատրաստակամություն հայտնել:

--00—ՅՄ