«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը՝ Արցախի նախագահական ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դդ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Արցախում նախագահական ընտրությունների կապակցությամբ․

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր գոհունակությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում օրինակարգ իշխանությունների ձևավորման առթիվ և համոզմունք հայտնում, որ վերջիններս իրենց ամբողջ լիազորությունների շրջանակում կծառայեն ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հայության բարօրության։

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի ծանրագույն պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների կենսագործունեության ապահովումը վկայում է այդ ինսիտուտների կուռ կայացվածության մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը ոտնահարում է իր բոլոր քաղաքացիների բնական իրավունքները, առաջին հերթին խոսքի ազատության իրավունքը՝ տասնամյակներ շարունակ բռնատիրական վարչակարգի տակ ճնշելով այլակարծության ցանկացած դրսևորում:

1987-1992թթ․ հետո երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականությունը միայն ուժեղացել է, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստանում ու այլ երկրներում ապաստան են գտել հազարավոր հայեր, իսկ ԼՂ-ում կուտակվել են ներքին տեղահանվածներ, որով Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում առաջացել է փախստականությանն առնչվող ահռելի խնդիրներ:

Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և իրենց մշտական բնօրրանը կորցրած մեր հայրենակիցներն ունեն քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական և մարդասիրական աջակցության լուրջ կարիք, իսկ Լեռնային Ղարաբաղում մնացած հայությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական ուժի լուրջ սպառնալիքի տակ։

Այսքանով հանդերձ, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, վերահաստատելով ս.թ. ապրիլի 29-ին տեղի ունեցած «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովի կողմից ընդունված հռչակագրի դրույթները, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի կառավարությունները պետք է միջազգային քաղաքական և իրավական գործընթաց (այդ թվում միջազգային դատական գործընթաց) սկսեն Ադրբեջանում իրականացված ցեղասպանական գործողությունների (այդ թվում՝ ադրբեջանական պետության կողմից խրախուսված և կազմակերպված Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում հայկական ջարդերի) համար պատասխանատվության և հատուցման գործով,

Այդ գործընթացը պետք է մեկնարկի նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկղության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայերի կորսված իրավունքների վերականգնման նպատակով,

Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահված բոլոր անձանց ոտնահարված իրավունքների և շահերի պաշտպանությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար պետք է ճանաչվի որպես առաջնահերթություն,

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հաստատում է իր վստահ պատրաստակամությունը աջակցելու վերոնշյալ գործընթացներում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի կառավարություններին և իր աշխատանքով նպաստելու հայ փախստականների և բռնի տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջանքերին»։

--00—ՍՊ