Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

մա

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարևորում է հումանիտար աղետի բոլոր կարիքների գնահատումը, որպեսզի համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև՝  միջազգային գործընկերներին մանրամասներին ծանոթացնելը:

Հովհաննիսյանն այս մասին ընդգծեց «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի կոորդիանցիոն կենտրոնում:

«Բոլորս տեսնում ենք այս աղետալի հումանիտար իրավիճակը: Սա ԱԳՆ-ի ջանքերի առաջնային խնդիրներից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի ղեկավարությամբ այս այցն էլ այդ ջանքերի արդյունքն է: Նմանատիպ աշխատանքներ ենք տանում բոլոր միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ, սա վերջին այցը չի լինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է գնահատել այս հումանիտար աղետի բոլոր կարիքները, որ համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև կարևոր է տեսնել իրավիճակը, միջազգային գործընկերներին ծանոթացնել բոլոր մանրամասներին: Այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են այս նպատակին:

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ թե միջազգային տարբեր հարթակներում, թե երկրների հետ երկկողմ մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ոայս պահի տվյալներով ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):

Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

--00—ԼՀ