Սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անողի գործը ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,24News

դատ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Խ.Հ.-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է իշխանությունը զավթելուն և ռազմական հեղաշրջում կատարելու միջոցով սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Հայտնում են ՀՀ դատախազությունից։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

2023 թվականի հոկտեմբերի 3-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ