Կանադան շատ կարճ ժամանակում 2 դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1122865

Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։

«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և 2 դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Հույս ունենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Փոխնախարարը նշեց, որ Կանադայի ԱԳ նախարարի այցը բավականին հագեցած էր․ նախ բացվեց Հայաստանում Կանադայի դեսպանատունը, ինչը Կանադայի կողմից Հայաստանի նկատմամբ հատուկ ուշադրության նշան է։

«Այցի ընթացքում նախարարն անդրադարձավ հումանիտար աջակցության հարցերին, Կանադան եռապատկեց իր աջակցությունը, նախանշվեցին համագործակցության խորացման բոլոր ճանապարհները։ Կանադան հետաքրքրված է Հայաստանում, ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումներին  աջակցությունն  ավելացնելու հեռանկարով, այս առումով  քննարկվեցին բազմաթիվ ծրագրեր։  Քաղաքական առումով նախարարը բազմիցս շեշտեց, որ Կանադայի համար կարևոր են Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»,- մանրամասնեց փոխնախարարը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ