Վաղաժամկետ ազատ արձակված տղամարդը հայտարարել է անժամկետ հացադուլ և խնդրանքով դիմում է վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_4

Վայոց ձորի մարզի բնակիչ 40-ամյա Արման Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց երեկվանից՝ հոկտեմբերի 31-ից, անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ա. Սարգսյանը դատապարտված է եղել ազատազրկման 5 տարի ժամկետով և պատիժը կրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Օրեր առաջ` հոկտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ, վաղաժամկետ ազատ է արձակվել, քանի որ քրեակատարողական հիմնարկում մասնակցել է  վերասոցիալականացման ծրագրերին  և դրսևորել է դրական վարքագիծ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրող դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ա. Սարգսյանին կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և պատժի մնացած մասը ևս այնտեղ կրելու պահանջով:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սարգսյանը ասաց, որ իր խնամքին ունի 2 անչափահաս երեխա, պատրաստ է չվճարված հարկերի համար, ինչպես կնքվել են պարտավորագրերը, մարի, միայն թե իրեն կրկին քրեակատարողական հիմնարկ չտեղափոխեն։ 

Վերջինս դիմումներ է գրել ՀՀ Վարչապետին, ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ Արդարադատության նախարարին և հուսով է, որ իր խնդրանք-պահանջը կբավարարվի։

--00—ՅՄ