Զինամթերքներով աղտոտվածության պատճառով սահմանափակ է սահմանամերձ մարզեր քաղաքացիների ազատ տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

l-0aW40ubulZ

Ս․թ․ նոյեմբերի 15-ին ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի» աշխատաժողով։

Աշխատաժողովի ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ, Քաղաքական, մամուլի և տեղեկատվական ստորաբաժանման ղեկավար Յան Պլեշինգերը և այլ ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և «ՀԱՓԿ» ՊՈԱԿ խորհրդի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է ներկաներին և կարևորել հակաականային ոլորտում «ՀԱՓԿ» և միջազգային կազմակերպությունների, առավելապես, ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող գործողությունները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը ողջունել է ներկաներին, կարևորել Հայաստանի Հանրապետությունում «Պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքների մաքրման առաջնահերթությունների համակարգման հարթակ» ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել 2023 թվականին հումանիտար հակաականային ոլորտում կատարված աշխատանքները։

- Պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտվածության պատճառով սահմանափակվել է ՀՀ սահմանամերձ մարզերի մեր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, մասնավորապես` գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողերը, օգտվել արոտավայրերից։ Տարածքների աղտոտվածության պատճառով նաև հնարավոր չէ անվտանգ ու անխոչընդոտ իրականացնել սոցիալ-տնտեսական ուղղվածության տարաբնույթ ծրագրեր: Այսպիսով, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել համակարգող մի հարթակ, որը միջազգային և տեղի շահագրգիռ  բոլոր կազմակերպություններին հնարավորություն կընձեռնի միավորել իրենց ջանքերը և առավել համակարգված իրականցնել ծրագրված աշխատանքները։ Հարթակը կոչված է դառնալու քննարկումների,  պլանավորումների և հաշվետվություների մի վայր, որը կհզորացնի համագործակցությունը միջազգային և ՀՀ կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների միջև։ Արդյունքում այն դրական ազդեցություն կունենա սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա,- նշել է Վաղինակ Սարգսյանը։

- Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի բացումը կարևոր քայլ է ականների և պայթուցիկ զինամթերքի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու մեր համատեղ պարտավորությունների մեջ: Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակը ստեղծվել է հստակ առաքելությամբ՝ խթանել պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև համագործակցությանը, - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին հավելելով, որ առաջնահերթ նպատակները ներառում են արդյունավետ համակարգում, առաջնահերթությունների քննարկում, տեղեկատվության փոխանակման բարելավում, ականազերծման գործողությունների արդյունավետ իրականացում Հայաստանում՝ բոլոր համապատասխան հենասյուներով, ինչպես նաև խթանում կառավարության և զարգացման գործընկերների միջև երկխոսությանը:

Տեսաներկայացման ձևաչափով 2023 թվականին կատարած աշխատանքները ներկայացրել են ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ «ՀԱՓԿ»-ի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների մասնագետներ։

Աշխատաժողովի ավարտին հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են հակաականային գործունեության արդի խնդիրները, «Պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքների մաքրման առաջնահերթությունների համակարգման հարթակ»-ի աշխատանքների ընթացակարգերը, շահագրգիռ կողմերի միջև մշտական կապի պահպանման ուղիները։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ մարզպետարանների աշխատակիցներ, հակաականային գործունեության ոլորտի այլ շահագրգիռ անձինք:

--00—ՅՄ