Բաքուն ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր ունի, 300 հազար ադրբեջանցի փախստականի թիվ է շրջանառում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Հայաստանի իշխանությունը Արցախի հարցը դիտարկում է միայն հումանիտար խնդիրների մակարդակով։ Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» չեղած թեզ է հորինել, գլխացավանք է ստեղծում, իսկ մենք գոյություն ունցող Արցախի պետական մարմիններից հրաժարվում ենք, ասելով՝ դա Հայաստանի համար սպառնալիք է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետի խոսքով, Փաշինյանը Գրանադայում ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմում` վտանգելով Հայաստանը Իրանին, Վրաստանին կապող ճանապարհը, դիմացը ոչինչ չստացավ՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ տարածքային ամբողջականության ճանաչում, փոխարենը ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը։

«Ադրբեջանը Հայաստանի բոլոր մայրուղիների նկատմամբ վերահսկողություն է սահմանում, բացի այդ, միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որոշում է Երասխում գործարան լինի, թե ոչ, զինվի, թե ոչ։ ԱԳՆ-ն երբևէ խիստ չի արձագանքում, որ իրավունք չունեք միջամտել մեր ներքին հարցերին։ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ ասում են՝ Փաշինյանին երկու-երեք ամիս են տալիս «անկլավ» կոչվածները հետ վերադարձնելու համար։

Բաքուն Հայաստանը ներսից պայթեցնելու ծրագիր ունի, 300 հազար ադրբեջանցի փախստականի թիվ են շրջանառում, սկզբից այդ մարդիկ կգան, հետո կենցաղային վեճեր կհրահրեն, ինքնավարություն կպահանջեն, նրանք Հայաստանը որպես պետություն դնում են սպառնալիքի տակ, ուզում են Հարավային Կովկասում նման պետություն չլինի»,- ավելացրեց Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ