Փորձ է արվում ստի միջոցով լարել հայ-ռուսական հարաբերությունները. Անդրանիկ Քոչարյան

Andranik Kocharyan

Վերջին օրերին հայկական լրատվական դաշտում տեղ են գտնում հրապարակումներ, որոնք հետապնդում են մեկ խնդիր՝ արհեստական լարվածություն  առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:  Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով այն հոդվածները, որում իրեն է վերագրվում   «հոկտեմբերի 27-ի դեպքերը ռուսական կողմի հետ կապելու մասին հայտարարությունները»:
«Սրանք իրականության հետ կապ չունեցող, ստահոդ տեղեկություններ են: Ես երբեք չեմ ասել, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը կապում եմ Ռուսաստանի կամ ՌԴ նախագահի հետ: Անգամ չէի էլ արձագանքի, եթե չհասկանայի, որ խնդիր է դրված արհեստական լարվածություն առաջացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում նմանատիպ ստերով»,- նշեց Քոչարյանը:
ԱԺ պատգամավորի կարծիքով՝ ինքը հստակ գիտի, թե «որտեղից և ում պատվերով են նման լուրեր սպրդում լրատվական  դաշտ»:
«Այս հոդվածը, որն արդեն վերցրել են ադրբեջանական լրատվամիջոցները, հեռուն գնացող նպատակներ ունի: Բայց չի հաջողվի: Ով-ով, բայց ես 90-ականների սկզբից հայ-ռուսական ռազմավարական, ամուր ու փոխվստահելի հարաբերությունների համոզված կողմնակից եմ: Ինչ վերաբերում է 27-ի գործին, ապա, եթե առաջանան նոր հանգամանքներ, պետք է միանշանակ լինի քննություն: Այ սա ես ասել եմ: Բայց մնացյալը ստի ու պատվերի դաշտից է» , - հավելեց նա: