Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչինչ չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմը, այդ թվում՝ «միջազգային ճնշումը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն հայտարարել է զինվորների հետ հանդիպմանը, որի տեսանյութը հրապարակել է X սոցիալական հարթակի իր էջում։

Նա հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։

«Ես ուզում եմ շատ պարզ ասել այն, ինչ քիչ առաջ ասացի հրամանատարին՝ մենք կշարունակենք մինչև վերջ։ Նման հարց ընդհանրապես չկա։ Ես սա ասում եմ նաև մեծ ցավով (ընկած զինվորների համար), բայց նաև չնայած միջազգային ճնշմանը։ Ոչինչ մեզ չի կանգնեցնի, մենք կգնանք մինչև վերջ, մինչև հաղթանակ», - Նեթանյահուի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»։ Այսպես է Քոհենն արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևին, որը զինադադար էր պահանջում Գազայում։

«Այս փուլում զինադադարը նվեր կլինի ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության համար և թույլ կտա նրանց վերադառնալ և սպառնալ Իսրայելի բնակիչներին», - ասել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ ձայներով քվեարկել էր հօգուտ զինադադար պահանջող բանաձևի։ Այսպիսով, նոյեմբերին նույն հարցով կայացած քվեարկությունից հետո 32 երկիր փոխել են իրենց դիրքորոշումը և միացել զինադադարին կողմ երկրների ցանկին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը սկսում է կորցնել միջազգային աջակցությունը՝ Գազայի անկանոն ռմբակոծությունների համար։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո դեկտեմբերի 14-ին կմեկնի Իսրայել՝ Բենյամին Նեթանյահուի և ռազմական կաբինետի անդամների հետ հանդիպման։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Սալիվանն Իսրայելին կհորդորի ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի թիրախներին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից շուրջ 100-ը 7-օրյա հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների  հետ։ Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդներից մի քանիսը մահացել են։

--00--ԼՀ