Իսրայելը Գազաի բնակիչներին կոչ է արել հեռանալ՝ «հանուն սեփական անվտանգության», ՄԱԿ-ն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,24News

գազ

Իսրայելը Գազայի հատվածի քաղաքացիական անձանց հաղորդագրություններ է ուղարկել՝ հորդորելով հեռանալ դեպի հարավ՝ Գազա գետի մոտ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի առավոտյան տեղեկագիրը։

«Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) բոլոր քաղաքացիական անձանց կոչ է անում տարհանվել Գազա քաղաքում իրենց տներից դեպի հարավ՝ հանուն իրենց անվտանգության և պաշտպանության», - ԻՊԲ-ի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսն ընթերցել է հատված Գազայի բնակիչներին ուղարկված հաղորդագրությունից։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում Գազա քաղաքում։

«Դուք հնարավորություն կունենաք վերադառնալ Գազա քաղաք միայն այն բանից հետո, երբ դա թույլ տվող ևս մեկ հայտարարություն արվի», - նշված է հաղորդագրությունում։

Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները թաքնվում են քաղաքի տակ գտնվող թունելներում և բնակելի շենքերում։

«Հաջորդող օրերին ԻՊԲ-ն կշարունակի գործել հիմնականում Գազա քաղաքում և մեծ ջանքեր կգործադրի՝ խուսափելու քաղաքացիական անձանց վնասելուց», - ասված է հաղորդագրությունում։

ՄԱԿ-ը դիմել է Իսրայելին՝ կոչ անելով չեղարկել տարհանման հրահանգը և շեշտելով, որ տարհանումը կարող է հանգեցնել «աղետալի իրավիճակի» և կունենա «ավերիչ հումանիտար հետևանքներ»։

ՄԱԿ-ը գնահատումներով՝ առաջիկա 24 ժամում տարհանվելու հրահանգը վերաբերում է մոտավորապես 1,1 միլիոն մարդու։

Իր հերթին Իսրայելը դատապարտել է ՄԱԿ-ի արձագանքն իր տարհանման հրահանգին՝ կազմակերպությանը մեղադրելով «Իսրայելի կողքին կանգնելու փոխարեն․․․ Իսրայելին քարոզ կարդալու» մեջ և կոչ անելով դրա փոխարեն աշխատել ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդներին վերադարձնելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

--00--ԼՀ