Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ՝ միտված ամուսնության տարիքի շեմի բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

աժ

Վաղ ամուսնությունների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն եզդիական համայնքում, այլ նաեւ Հայաստանի բնակչության մեծամասնության շրջանում: Սա պարզ է դարձել ուսումնասիրությունների արդյունքում. ասել է Ռուստամ Բաքոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված վաղ ամուսնության հարցերին եւ ազդեցություններին:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հավելել է, որ վաղ ամուսնությունները խնդիրներ են առաջացնում անձանց համար ե՛ւ կրթական, ե՛ւ առողջապահական, ե՛ւ սոցիալական իմաստներով:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ իրավասու օղակների, եզդիական համայնքի, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ ամուսնության տարիքի շեմի բարձրացման նպատակով նախատեսել է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հարցի առնչությամբ աշխատանքները սկսվել են դեռեւս յոթերորդ գումարման Ազգային ժողովում աշխատելիս: Նրա խոսքով եզդիական համայնքում խնդիրները մեծ են հատկապես վաղ ամուսնությունների հետ կապված:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը Հայաստանում 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողները ողջունել են նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, հանդես եկել առաջարկներով, ներկայացրել նաեւ որոշակի դիտարկումներ եւ վիճակագրական տվյալներ վաղ եւ հարկադրված ամուսնությունների վերաբերյալ: Առաջարկ է եղել նաեւ բարձրացնել չափահասության տարիքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ վաղ ամուսնությունների դեպքում առաջացող խնդիրներից մեկը լիարժեք կրթություն չստանալն է: «Վաղ ամուսնություն ունենալու դեպքում միանշանակ խաթարվում է երեխաների ոչ միայն առողջության, այլեւ նրանց հետագա կյանքում հաջողությունների հասնելու հնարավորությունը»,- ընդգծել է փոխնախարարը՝ կարեւորելով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: «Շատ կարեւոր է, որ թե՛ ընտանիքների, թե՛ երեխաների գիտակցության մեջ կարողանանք ձեւավորել ճիշտ մոտեցում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վաղ ամուսնությունն իրենց հետագա կյանքի վրա»,- ասել է նա:

Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն անդրադարձել է վաղ ամուսնությունների դեպքում աղջիկների առողջության վրա բացասական ազդեցություններին: Դրանցից են բարդ ծննդաբերությունները, հետագա կյանքում ի հայտ եկող  գինեկոլոգիական խնդիրները, երեխայի խնամքի հետ կապված հարցերը եւ այլն: 2000, 2005, 2010 թվականներին իրականացված ժողովրդագրական առողջապահական հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական մահացությունը շատ ավելի բարձր է կրթական ցածր ցենզ ունեցող մայրիկների մոտ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականին գրանցվել է 14-19 տարեկան աղջիկների 3372, իսկ 2021 թվականին՝ 1042 ծննդաբերություն: 2011 թվականին գրանցվել է 16-19 տարեկան աղջիկների 1747 վաղ ամուսնություն: 2021 թվականին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 675-ի:

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես կարեւորել է քննարկումը եւ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկել է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով ընդհուպ մինչեւ 21 տարեկանի: Առաջարկվել է նաեւ բարձրացնել չափահաս համարվելու տարիքը: Իր առաջարկներն Արսեն Թորոսյանը հիմնավորել է մի շարք փաստերով եւ հանգամանքներով, ընդգծել հանրության շրջանում առկա մի շարք կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ կներկայացնի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, իսկ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն նաեւ լսումներ:

--00--ԼՀ