ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր, արագ տարածվող JN.1 ենթատեսակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

կոր

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

JN.1-ը հայտնաբերվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ այս ենթատեսակը կազմում է վարակման դեպքերի 15-29 %-ը։ JN.1-ն արագ է տարածվում սպայկ սպիտակուցի լրացուցիչ մուտացիայի պատճառով։

Covid առաջացնող վիրուսը ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվում է, և առաջանում են կորոնավիրուսի նոր տեսակներ։ Արդեն բավական ժամանակ է՝ աշխարհում կորոնավիրուսի ամենատարածված տեսակներից է օմիկրոնը։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ հանրության համար օմիկրոնի նոր ենթատեսակը մեծ վտանգ չի ներկայացնում, և առկա պատվաստանյութերը պաշտպանում են նաև կորոնավիրուսի այս տեսակից։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նախազգուշացնում է ձմռանը Covid-ի և այլ վարակների աճի հավանականության մասին։ Հյուսիսային կիսագնդում տարածված են նաև շնչառական վիրուսները, ինչպիսիք են գրիպը, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը (RSV) և թոքաբորբը երեխաների շրջանում։

 

--00—ԱՊ