Եթե գյուղացին ուզում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, պետությունը կգնի, փաթեթով կվաճառի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Գեղամ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին, նշել է, որ առաջնային է հասկանալ՝ նախարարությունները որքանո՞վ են համապատասխանում տնտեսության պահանջներին։

«Նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է շուկաների վերլուծությունը, գոտիականության վերլուծությունը, տվյալների վերլուծությունը, որոնք կտրամադրենք մեր ֆերմերներին։ Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,- ասել է նախարարի պարտականությունները կատարողը։

Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում Գևորգյանն առանձնացել է նաև վարչական ռեգիստրների ներդրումը՝ անասունների համարակալումը։ Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։ Ինչ վերաբերում է պետական օժանդակության ծրագրերին, նա նշեց, որ գնում են 2 ուղղությամբ՝սուբսիդավորում ու վարկային ռեսուրսներ, ինչպես նաև ուղիղ ֆինանսավորում։

«Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինասական ռեսուրս չի տրամադրել։ Շատ է բարձրացվում հարցը, որ գյուղացիական տնտեսություններն այս կամ այն ձևով ծանրաբեռնված են վարկային բեռով կամ գրավի համապատասխան առարկա չունեն, որ օգտվեն այս ֆինանսական ռեսուրսից։ Սրա համար մինչև 5 մլն դրամ վարկը տրվում է երաշխիքով»,- ասել է Գևորգյանը։

Անդրադառնալով ապահովագրության ինստիտուտի ներդրմանը՝ նախարարի պարտականությունները կատարողը նշել է, որ լրջագույն փոփոխություններ են լինելու, պիլոտային ծրագրում 6 մարզ է ներառվել։

«Քայլեր են արվում նաև բնական աղետներից պաշտպանելու համար: Պետք է խուսափել բերքի կորուստներից, հետևաբար պետք է կիրառել բարձր տեխնոլոգիաներ՝ ցանցեր, հակակարկտային կայանների ցանցերը պետք է ուսումնասիրել։ Իրականում, մեզ համար դեռ պարզ չէ, թե հակակարկտային համակարգն ինչ արդյունք է տալիս»,- ասել է Գեղամ Գևորգյանը։

Գյուղնախարարի պարտականությունները կատարողը ռազմավարական փոփոխությունների մեջ կարևորել է նաև հողային ռեֆորմները, որը հողերի խոշորացում է ենթադրում։

«ՀՀ-ում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործում՝ սեփականատերերի 20 տոկոսը ՀՀ-ում չեն, մյուս մասն էլ արդյունավետ չի համարում մշակումը։ Պետք է լինի հողային ռեֆորմի գույքագրում: Կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, որով պարտադիր կլինի հողերի վարձակալումը։ Սա չի նշանակում, որ մարդուց խլում ենք սեփականությունը, այլ մարդը կմնա սեփականատեր, բայց եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով։ Կլինի հողերի միավորում, քանի որ մարդիկ կան, որ մեկ հեկտար հող ունեն, բայց միմյանցից անջատ։ Կկոնսոլիդացնենք՝ Ա-ն ու Բ-ն փոխանակում կանեն։ Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի և փաթեթով կվաճառի»,- ասել է գյուղնախարարի պարտականությունները կատարողը։