ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Արաբ մի շարք ներկայացուցիչներ լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը, երբ իր ելույթն է սկսել Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունվարի 23-ին նախարարների մակարդակով անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստը մերձավորարևելյան կարգավորման շուրջ։ Նիստում առաջինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, այնուհետև խոսքը տվել են Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքիին։
Նրանից հետո հանդես է եկել Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նրա ելույթի ժամանակ մի շարք դիվանագետներ ոտքի են կանգնել և դուրս եկել դահլիճից՝ վերադառնալով միայն այն բանից հետո, երբ Իսրայելի ներկայացուցիչն ավարտել է իր խոսքը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 25 000-ը։
--00—ԼՀ