Փաշինյանը ականապատում է մեր ինքնիշխանությունն ու պետականությունը. «Արդար Հայաստան»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

փա

«Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ, որում ասվում է.

Գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության գափափարը։

Ինչպես 2022 թվականին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի միջոցով, այնպես էլ այժմ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման օգտին, թեև ակնհայտ է, որ «Նոր սահմանադրության» ընդունման անհրաժեշտությունը կարծես թե պայմանավորված է բոլորովին այլ իրողություններով, մասնավորապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներով, որի նպատակն է հիմնովին խարխլել երրորդ Հանրապետության հիմնադրման հիմքում դրված համազգային նպատակներն ու արժեքները։
Գործող սահմանադրության ընդունման ժամանակ նախորդ քաղաքական վարչակազմն այդպես էլ չտվեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության իրավաքաղաքական հիմնավորումը, և աներկբա է, որ 2015թ. նոր սահմանադրության ընդունմամբ իրականացվեց պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք՝ անորոշ ելքով, իսկ պատմության նկատմամբ՝ անընդունելի քաղաքական սպեկուլացիա, որի դառը պտուղները քաղում ենք այսօր:

Նիկոլ Փաշինյանը հավակնում է գերազանցել իր նախորդին՝ վերջնականապես ականապատելով մեր ինքնիշխանությունն ու պետականությունը՝ շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը փլատակների տակ թողնելու հեռանկարով։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի՝ նոր սահմանադրության ընդունման մտահղացումն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ հանրաքվեին ԱՅՈ քվեարկի շուրջ 650 հազար մարդ, որի համար անհրաժեշտ է ունենալ գերլեգետիմություն, որն այս պահին Նիկոլ Փաշինյանն օբյեկտիվորեն չունի և դժվար էլ այլևս ունենա, հետևաբար՝ կարելի է վստահաբար պնդել, որ Փաշինյանի նախաձեռնած նոր սահմանադրության ընդունման գործընթացն ի սկզբանե կարելի է համարել տապալված։

Սակայն, սա չի նշանակում, որ հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է մատնվեն անգործության՝ վստահ լինելով, որ Փաշինյանի ձեռնարկած պատմության ու պետականության դեմ ուղղված վտանգավոր էքսպերիմենտը այսպես թե այնպես ձախողված է։

«Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, միայն որակապես նոր իշխանությունը կարող է ձեռնարկել նոր սահմանդրության ընդունման գործընթաց, իսկ եթե, այնուամենայնիվ, գործող իշխանությունը հանդես կգա նման նախաձեռնությամբ, ապա քաղաքական տեսանկյունից ճիշտ ու ազնիվ կլինի ժողովրդի առաջ հանդես գալ պատասխանատու հայտարարությամբ, որ «Նոր Սահմանադրության» չընդունման դեպքում իշխանությունը պետք է ներկայացնի հրաժարական, որից հետո պետք է նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Արդար Հայաստան» կուսակցությունը հանձն է առնում քաղաքական խորհրդատվությունների միջոցով բյուրեղացնել համակիր ուժերի ու անհատների ջանքերն ու ռեսուրսները՝ գործող իշխանության կողմից մեկնարկած գործընթացը չեղարկելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ պետականաշինության ներկա փուլում, երբ դեռևս Հայաստանի գլխին կանգնած է պատերազմի վտանգը, և իրական ու արժանապատիվ խաղաղության պայմանագիր կնքված չէ, երբ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, երբ քաղաքական համակարգն առողջ չէ, երբ պետության անվտանգային միջավայրը բավականին փխրուն է, իսկ պաշտպանական համակարգը՝ խաթարված, երբ պետությունը շարունակում է մնալ շրջափակման մեջ և հաղթահարված չեն էներգետիկ անվտանգության հետ կապված խոչընդոտներն ու դրանցով պայմանավորված արտաքին քաղաքական ազդեցությունները, երբ քաղաքական վերնախավն ու հասարակությունը պատրաստ չեն Խորհրդարանական կառավարման համակարգին, ապա որակապես նոր իշխանության պայմաններում է միայն հնարավոր կազմակերպել սահմանադրական փոփոխություններ՝ վերականգնելով կիսանախագահական կառավարման համակարգը՝ հիմքում դնելով «Ուժեղ նախագահ», «Ուժեղ կառավարություն, «Ազդեցիկ ու հեղինակավոր օրենսդիր իշխանություն», «Իրապես անկախ ու անկաշառ դատական համակարգ» գաղափարաբանությունը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել ու ամրապնդել սահմանադրականության փիլիոսփայությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ գործող իշխանությունն այլևս չունի այն լեգետիմությունը, որն անհրաժեշտ է մեր երկրում իրականացնել բովանդակային ու խորքային փոփոխություններ։

Գործող իշխանությունը նախորդ 6 տարիների ընթացքում, ըստ էութան, մսխեց հնարավոր բոլոր միջոցները՝ մեր հանրային կյանքը որակապես փոխելու համար և այլևս կենսունակ չէ խորքային ու ռազմավարական փոփոխություններ իրականացնել։

--00—ԼՀ