Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ՀՌՀ

«ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ Հեռարձակողի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» տեսալսողական ծրագրի 25․01․2024 թ․ եթերում հեռարձակված «Հաղթական ժամ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, որը սակայն չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։  Այս մասին հայտնում են ՀՌՀ-ից։

 Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով որոշեց «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

 «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ համաձայն 2023 թվականի ապրիլի 04-ին հարուցված թիվ 11 վարչական վարույթի՝ Հանձնաժողովը, օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին էր հասցեագրել Հանձնաժողովի նախագահի գրությունը՝ պահանջելով Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը՝ պահանջվող տեղեկատվությամբ։ Սակայն ցանցային օպերատորը սահմանված ժամկետում չէր ներկայացրել կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Նշված արարքով ցանցային օպերատորի կողմից թույլ էր տրվել Օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասի իրավախախտում։

 Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը Հանձնաժողով չներկայացնելը, Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ սահմանված տուգանքը չմուծելը, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումը և ցանցային օպերատորի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողով չներկայացնելը, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ ցանցային օպերատորը չունի գույք և դրամական միջոցներ Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան գործելու համար, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։

  Այսպիսով, ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության լիցենզիայի գործողությունը մինչև 30 օր ժամկետով:

  Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը, բավարարել «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2019 թվականին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան:

  Հանձնաժողովը  բավարարել է «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:

--00—ԼՀ