Եղեգնաձոր համայնքը բնակելի շենքը նվիրաբերել է ՊՆ-ին՝ զինծառայողներին տրամադրելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

ՊՆ.

ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքը և դրա զբաղեցրած տարածքը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը՝ բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Եղեգնաձոր քաղաքում գտնվող 907.99 քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը և դրա զբաղեցրած` 0.0658 հեկտար մակերեսով հողամասը Եղեգնաձոր համայնքի ավագանին իր որոշմամբ նվիրաբերել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով:

Կառավարության որոշմամբ առաջարկվում է անշարժ գույքն ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը` բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով:

Նշված բնակարանները դեռևս 2011 թվականից ՀՀ ՊՆ կենտրոնական բնակհանձնաժողովի կողմից, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակմակերեսի կարիքավոր հանդիսացող զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, որոնք ներկայումս ձեռք են բերել նշված բնակարանները սեփականաշնորհելու իրավունք:

 --00—ԼՀ