Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

չ.

Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իսկ խոսքերով «ռադը քաշելու» փոխարեն, փորձեց մեր ժողովրդին կրկին կերակրել ստերի և մանիպուլացիաների մի նոր տարափով, փորձելով հող նախապատրաստել թշնամուն հերթական միակողմանի զիջումների համար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշել է, որ, ի թիվս այլոց, նա հաստատեց, որ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված, որով ներկայումս անցնում է Երևան-Իջևան-Նոյեմբերյան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, փորձելով քողարկել դա «խաղաղության օրակարգի» մասին կեղծ և արդեն զզվելի դարձող թեզերով։

«Մենք համոզված ենք, որ այս ամենի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն, Արցախը միայն դրա ողբերգական սկիզբն էր։ Երեկ մեր «Հայաքվե» նախաձեռնության խորհուրդը հստակ գնահատական տվեց այս հերթական դավաճանական գործողությանը, առաջիկա օրերին մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի և նրանում ապրող մարդկանց։ Մինչ այդ, ստորև կիսվում եմ հայտարարությամբ, և կոչ անում բոլոր արժանապատիվ մարդկանց՝ տեր կանգնել մեր հայրենիքին, նրա հող ու ջրին»,- գրել է նա ու հրապարակել «ՀայաՔվեի» հայտարարությունը Տավուշի մարզից գյուղերի զիջման անթույլատրելիության մասին:

«Հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի հանձնաժողովի` մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Բաքվի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանին հանձնելու Տավուշի մարզի չորս գյուղեր՝ որպես սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման։

Հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության վրա հարկադրանքի, ուժի գործադրմամբ սպառնալիքի կիրառման, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, ռազմավարական նշանակության բարձունքներ, միջպետական նշանակության ճանապարհների հատվածներ գտնվում են Բաքվի օկուպացիայի ներքո և, ի լուր ամբողջ աշխարհի, ցինիկաբար հայտարարվել է, որ ադրբեջանական զորքերը մեկ սանտիմետր անգամ հետ չեն քաշվելու իրենց զբաղեցրած դիրքերից։

Ադրբեջանի այս լկտի գործելակերպն ուղղակի հետևանք է Հայաստանում գործող հակազգային վարչախմբի պարտվողական քաղաքականության և միակողմանի զիջումների։

Հերթական անգամ համոզվեցինք, որ գործող իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելը դուռ է բացել Հայաստանի հանդեպ նորանոր ագրեսիաներ գործելու համար։ Բավքի այս սանձարձակությունը ցույց է տալիս նաև, որ Փաշինյանի վարչախմբի իշխանության ներքո Հայաստանը չի դիմակայում ադրբեջանական ագրեսիային և ոչ էլ ապահովում է այդ ագրեսիան կանխելու ունակ դաշնակից կամ գործընկեր երկրների աջակցությունը։

Այս վարչախումբը ծրագրված կերպով մեր երկիրը ներքաշել է աշխարհաքաղաքական խարդավանքների ու բախումների ոլորտ՝ այն կանգնեցնելով նոր ու ավերիչ պատերազմի շեմին, որից խուսափելու համար պատրաստ է նորանոր, ոչ պակաս կործանարար զիջումների գնալ։ Այսպիսի զիջումները կմասնատեն Հայաստանը և նրա տարբեր մասերը կդարձնեն հետագա ագրեսիայի հեշտ թիրախ։

Ուստի վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ Փաշինյանի վարչախումբն այլևս որևէ իրավունք չունի Հայաստանի անունից բանակցություններ վարելու և պետք է օր առաջ հեռանա՝ ճանապարհ բացելով ազգային պրագմատիկ իշխանության ձևավորման համար, որը կհամախմբի մեր ժողովրդին՝ հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

--00—ԼՀ