Շաքարավազի շուկայում հեղափոխությունից հետո ավելացել է Սամվել Ալեքսանյանի հարևանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

շաքար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողովում կառավարության՝ անցած տարվա ծրագրի կատարման հաշվետվություն-զեկույցը ներկայացնելիս, անդրադառնալով արհեստական մենաշնորհներն արմատախիլ անելուն, խոսեց նաև շաքարավազի շուկայի մասին: Օրինակ, շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերության՝ «Ալեքս Գրիգ»-ի տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն:  (տե՛ս 43:50 - 44:30)։

«10 ամսվա ընթացքում 75 տնտեսվարող է մտել շաքարավազի շուկա»,- հայտարարեց վարչապետը (տե՛ս նախորդ տեսանյութում՝ 01:42:20 – 01:43:20)։

ՊԵԿ-ից խնդրեցինք տրամադրել Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունների ցանկը 2016, 2017, 2018 թվականներին։ ՀՀ վիճակագրական կոմիտեից խնդրեցինք տրամադրել տվյալներ, թե որքա՞ն շաքարավազ է ներկրվել Հայաստան 2016, 2017, 2018 թվականներին, ինչպես նաև տվյալներ, թե սպառողական շուկայում որքա՞ն է կազմել շաքարավազի 1 կգ-ի միջին արժեքն այդ թվականներին:

Այսպես, 2016-ին շաքարավազ է ներմուծել 47 տնտեսվարող սուբյեկտ 3461,07 տոննա ծավալով: Շաքարավազի 1 կգ-ի արժեքը եղել է 373 դրամ: 2017-ին շաքարավազ ներկրող տնտեսվարող սուբյեկտների թիվն ավելացել է 27-ով: 74 ընկերություն և անհատ Հայաստան են ներկրել 20240,053 տննա ծավալով շաքարավազ, որի 1 կգ-ի արժեքը եղել է 399 դրամ: Իսկ ահա 2018-ին շաքարավազ ներկրողների թիվն ավելացել է ընդամենը 1-ով: 75 տնտեսվարող սուբյեկտներ ներմուծել են ընդհանուր առմամբ 23635,191 տոննա ծավալով շաքարավազ: Շաքարավազի 1 կգ-ի արժեքը եղել է 330 դրամ:

1

Փաշինյանի հայտարարությունը, թե 10 ամսում 75 կազմակերպություն է մուտք գործել շուկա, չի համապատասխանում իրականությանը: Ներկրողների ընդհանուր թիվն է եղել 75։

2016-2017 թթ. շաքարավազ ներկրած «Գրանդ Քենդի» ընկերությունը 2018-ին լքել է շուկան: 2018-ի ցանկում շարունակում է մնալ «ԿոկաԿոլա Հելլ.Բոթլ.Քամփ.Արմ.» ՓԲԸ-ն, «Ջերմուկ ինթ.նլ պ.սի-կոլա բոթ.» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Սովռանո» ընկերությունը (պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին), «ՍասԳրուպ» ՍՊԸ-ն (առնչվում է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ, «Նոր Զովք» ՍՊԸ-ն:

2018-ին շաքարավազ ներկրողների ցանկում ավելացած նոր ընկերությունների թվում է «Գաստրո» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը, ըստ իրավաբանական պետական ռեգիստրի, Ռուբեն Կարախանյանն է։ Նրան է պատկանում նաև Հայաստանում «Swarovski» և «Egoiste» խանութ-սրահները ներկայացնող «ՄՈԲԻԼԱՅՆ» ՍՊԸ-ն, ինչպես նաև Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցմամբ ու վաճառքով զբաղվող  «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ն։ Ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի՝ Ռուբեն Կարախանյանի թիկունքում Ռազմական ոստիկանության պետի՝ այն ժամանակվա տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանն էր: Ի դեպ, Հայկ Ստեփանյանը ՌՈ պետի տեղակալ է եղել նույն ժամանակահատվածում, երբ ՌՈ պետը Վլադիմիր Գասպարյանն էր:

1

Հետաքրքիր է, որ թեև «Գաստրո» ՍՊԸ-ն հիմնվել է 2017-ի հոկտեմբերի 26-ին, սակայն գրանցված աշխատակից է ունեցել միայն 2018-ից։ Ընդ որում՝ ամբողջ տարվա ընթացքում ունեցել է միայն մեկ աշխատակից, իսկ ահա 2019-ի հունվարին աշխատակիցների թիվը դարձել է 25, փետրվարին՝ 46։ Դրանից հետո այս ընկերությունն այլևս որևէ աշխատակից չունի գրանցած:

 

Շաքարավազի շուկայում հեխափոխությունից հետո Սամվել Ալեքսանյանը պահպանում է մենաշնորհային դիրքը

Շաքարավազի շուկայում երկար տարիներ տիրապետող է եղել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն։ ՄՊՊՀ տվյալների համաձայն՝ 2016-ին այն զբաղեցրել է պատրաստի շաքարավազի ներմուծման ծավալի 95 %-ը, 2017-ին՝ 97 %-ը, իսկ 2018-ին «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնաբաժինը շաքարավազի շուկայում նվազել է 19-ով և դարձել 78 %: Չնայած իշխող դիրքի թուլացմանը՝ այս ընկերությունը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազի շուկայում:

1

 

«Ալեքս Հոլդինգի» մասնակցությունը շաքարավազի շուկայում նվազել է, Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը՝ ոչ

2017-ի համեմատ՝ 2018-ին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել նաև մասնակիցների փոփոխություն: 2018-ին ներկրող ընկերութունների ցանկում ավելացել է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում:

1

Այս կազմակերպությունը 2018-ի հուլիս և օգոստոս ամիսներին ունեցել է 2 աշխատակից, իսկ ահա սեպտեմբերից աշխատակիցների թիվը կտրուկ աճել է՝ դառնալով 146, հոկտեմբերին՝ 150, նոյեմբերին՝ 159, դեկտեմբերին՝ 160, իսկ 2019-ի հունվար-փետրվարին գրանցված աշխատակից չունի, իսկ ահա մարտին աշխատակիցները 166-ն են։

«Ալեքս Հոլդինգ»-ի դեպքում եթե 2018-ի հունվարին գրանցված աշխատակիցների թիվը հասնում է 4 198-ի, փետրվարին՝ 4 268, մարտին՝ 4 236, ապրիլին՝ 4 310, մայիսին՝ 5 197, հունիսին՝ 4 801, հուլիսին՝ 3 371, օգոստոսին՝ 3 694: Սեպտեմբերից աշխատակիցների թիվը կտրուկ սկսում է նվազել: Սեպտեմբերին դառնում է 372, հոկտեմբերին՝ 204, նոյեմբերին՝ 202, դեկտեմբերին՝ 144: 2019-ի հունվարին  այս ընկերությունն այլևս որևէ աշխատակից չունի գրանցած, փետրվարից աշխատակիցների թիվը միանգամից դառնում է 135։  

Պարզել, թե որքա՞ն է շաքարավազի շուկայում կազմել նոր խաղացողների՝ «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Գաստրո» ՍՊԸ-ի մասնաբաժինը, հնարավոր չէ: ՏՄՊՊՀ-ն նշում է, որ չունի այդ տվյալը, քանի որ զբաղվում է միայն գերիշխող դիրք, այն է՝ 30 և ավելի տոկոս ունեցողների գործունեությամբ, իսկ ՊԵԿ-ը չի նշում, թե ինչքան ծավալով շաքարավազ են ներկրել այդ ընկերությունները՝ համարելով դա առևտրային գաղտնիք: ՏՄՊՊՀ-ից խնդրեցինք տրամադրել շուկայում խոշոր տնտեսվարողների ցանկը։ Սակայն գրավոր հարցումը մնաց անպատասխան։

 

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2018-ի հուլիսի 30-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, անդրադառնալով շաքարավազի շուկային, նշել էր, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող ընկերությունների թիվն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են (http://www.primeminister.am/hy/press-release/item/2018/07/30/Nikol-Pashinyan-meeting/)։

Լիլիթ Հովհաննիսյան

 

Հոդվածը պատրաստվել է Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ի Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի աջակցությամբ։