ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

gg

ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, բայց աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է․ «Մեր երեկվա հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հիմա մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան», - ասել է Ստոլտենբերգը՝ ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ստոլտենբերգը հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը․ «Երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է և տարածաշրջանային, և գլոբալ անվտանգության և կայունության համար: Եվ խաղաղությունն անհրաժեշտ է ապագայում բարգավաճման համար»։ 

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին․ «ՆԱՏՕ-ն շատ դաշնակիցներ ունի, և Ադրբեջանը նրանց թվում է, բայց Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի», - ասել է նա։

--00—ՍՊ