Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շենգավիթի շենքը վաճառվեց «Քվանտ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Քվանտ-վարժարան

Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին որոշում կայացրեց:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող՝ 569.5  քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.055236 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն Գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 120 մլն դրամ։ Ուղղակի վաճառքով օտարման ենթակա Գույքի վաճառքի գին է սահմանվել 123 մլն դրամը։

Գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի՝ 5 տարվա ընթացքում Գույքի վրա իրականացնել 250 մլն դրամի ներդրում։

Գրությամբ Կոմիտե է դիմել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվի տնօրենը՝ տեղեկացնելով, որ վարժարանը ցանկանում է ձեռք բերել ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող, վարժարանի հարևանությամբ գտնվող գույքը՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով, մասնավորապես՝ ուսումնական տարածքների ընդլայնում, դասարանների ավելացում, ուսանողական-ուսուցչական հանրակացարանի հիմնում։

--00—ՅՄ