Եվրադիտորդները շրջում են սահմանին, իսկ իշխանությունը պատերազմ է գուժում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

image_750x_660f77e9eb787

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում, որը երեք կողմից սահմանակից է Նախիջեւանին, մի քանի օր է՝ ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում։ «Խաչիկում մշակովի հողերը սահմանին են՝ մի քանի մետրի վրա։ Մեր հանդիպումների ընթացքում բնակիչներն են բարձրացրել խնդիրը, եւ մենք դիմեցինք ու հասանք նրան, որ դիտարկում իրականացվի։ Երրորդ օրն է՝ դիտորդներն աշխատում են»,- «Հրապարակ»-ին ասում է Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Թեեւ վերջին շրջանում այստեղ կրակոցներ չկան, բայց աշխատանքի սեզոնն է, ու գյուղացիները զգուշանում են։

«Մեզ մոտ գյուղատնտեսական եռուզեռ է, գաք, որ գյուղը մտնեք, մարդ չեք գտնի, բոլորը դաշտերում են։ Անցած տարի վարի ժամանակ կրակել էին տրակտորի վրա, դրա համար զգաստացնող քայլի դիմեցինք»,- այսպես է մեկնաբանում Հուսիկ Սահակյանը, իսկ Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն առհասարակ խուսափում է մեկնաբանությունից, միայն ասում է՝ ամեն ինչ հանգիստ է։ Նախօրեին, հիշեցնենք, ԵՄ առաքելության X-ի պաշտոնական էջում գրառում կար, որ Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետեւել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար: Եվրադիտորդները հայտնեցին, որ շարունակում են ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, եւ որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է։

Վերջին շաբաթվա ընթացքում սա ԵՄ դիտորդական առաքելության հերթական իրազեկումն է՝ սահմանին իրավիճակի հանգիստ լինելու մասին, ի հեճուկս Բաքվի պաշտպանական գերատեսչության տեղեկատվական գորհին, թե սահմանի տարբեր հատվածներում իբր «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատվում»։ Բաքվի ձեռագիրը նույնն է՝ հնարավոր սադրանքի ու ագրեսիայի համար այսկերպ փորձում է տեղեկատվական հող պատրաստել։ Այս հայտարարությունների ֆոնին Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրակել է Գեղարքունիքի մարզում՝ Կութի, եւ Սյունիքում՝ Տեղի ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ չեն դադարում իշխանության տարբեր օղակների հայտարարությունները, թե Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Տավուշի 4 գյուղերը թշնամուն հանձնելն այդ սպառնալիքով արդարացնելու Փաշինյանի փորձին զուգահեռ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն X-ում գուժում էր, թե «Զատիկին Ալիեւի ռեժիմը եւ նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի խափանեն Նիկոլ Փաշինյանի եւ պետքարտուղար Բլինքենի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջեւ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը»։ Իսկ մինչեւ այս հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ իր հանդիպմանը հաջորդած ասուլիսին Ֆրանսիայի ԱԳ  նախարար Ստեֆան Սեժուրնեին էր մտահոգել Ադրբեջանի հռետորաբանությունը, որը, ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով, կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով՝ Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը։

Այս ինֆորմացիոն ֆոնը, Ադրբեջանի մարտավարությունն ու ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը նկատի առնելով՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը մեզ ասում է՝ կարեւոր հարցն այն է, թե ինչ նպաստավոր պայմաններ են այժմ ստեղծվում թշնամու համար, եւ որ ուղղություններով նա կփորձի ինչ-որ գործողություններ իրականացնել։ Առնվազն այս փուլում լայնածավալ ու երկարաժամկետ գործողությունների, ըստ մասնագետի, Ադրբեջանը չի գնա, բայց լոկալ բախումները, հատկապես՝ Տավուշի ուղղությամբ, բացառված չեն։

«Այս իրավիճակում նրանց համար ամենանպատակահարմար գործողությունների ուղղությունը Տավուշի ուղղությունն է, որովհետեւ մեր իշխանություններն էլ են ամենաբարձր մակարդակով հայտարարում, թե այդ հատվածի գյուղերը երբեք մերը չեն եղել։ Սա Ադրբեջանին հիմք կարող է տալ՝ գործողություններ իրականացնել եւ միջազգային հանրությանն ասել, որ հենց հայկական կողմն է դրանք ճանաչում որպես Ադրբեջանի հող, եւ իրենք, ինչ-որ սրացումների ֆոնին, գործողությունների են դիմել։ Մենք նույն սցենարը տեսանք Արցախի դեպքում»,- բացատրում է մասնագետը եւ նկատում, որ ինչպես Արցախի պարագայում, այս դեպքում էլ, եթե սցենարներն այսպես զարգանան, նույն միջազգային հանրության արձագանքը չենք տեսնելու։

«Այստեղ վտանգը հատկապես այն է, որ նույն դիրքում կանգնած զինվորն է լսում այս իշխանությունների հայտարարությունները եւ լարված իրավիճակում ի՞նչ որոշում պետք է կայացնի, պայմանական, այդ հատվածի գումարտակի հրամանատարը, եթե ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ մենք ձեզ թիկունք չենք լինելու, որ այդ հողերն Ադրբեջանինն են»,- մտահոգություն է հայտնում Մանգասարյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների ակտիվությանը, մասնագետը հիշեցնում է՝ երբ այդ առաքելությունը Հայաստան էր գալիս, Փաշինյանը հայտարարում էր, որ նրանք եկել են, որպեսզի պատերազմ թույլ չտան։ «Հիմա, փաստացի, ունենք իրավիճակ, երբ այդ դիտորդներն իրենց գործին են, բայց վերահաս պատերազմի մասին նույն իշխանություններն են գուժում, ու ստացվում է, որ, փաստացի, նրանց չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունը, եթե նրանց առջեւ դրված էր պատերազմը կանխելու խնդիր»,- եզրափակում է ռազմական փորձագետը»։

--00—ՅՄ