Volkswagen Vento-ն բախվել է բետոնե պարսպին. 3 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Այսօր՝ հունիսի 12-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Փաստի առթվ Տ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից հղի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։