Կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր համադրման կոմիտեի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

քայլ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 13-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը:

Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2025թ. ԱՊՀ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, ուսումնամարտական պատրաստության համակարգը ազգային զինված ուժերում և դրա փորձի կիրառումը միջազգային ռազմական համագործակցության ընթացքում, ազգային զինված ուժերի ամենօրյա գործունեության առաձնահատկությունները ԱՊՀ հարավային սահմաներում ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում, ԱՊՀ պետությունների զինված ուժերի համագործակցության հիմնական ուղղությունները ԱԹՍ-ների կիրառման բնագավառում, 2019թ. միջազգային բանակային խաղերի կազմակերպում և անցկացում, ՀՀ-ում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական զորավարժության զորային փուլի նախապատրաստում և այլն:

Նիստի շրջանակներում համակարգող կոմիտեի անդամները պարգևատրվել են ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով:

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի անդամներին նիստի ավարտին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի մասնակիցները հունիսի 13-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: