Լոռու մարզում ժայռ են պայթեցրել՝ սողանքը վերացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

/

Լոռու մարզի Աթան համայնքի տարածքում երեկ՝ հունիսի 25-ին, սողանքի վերացման ուղղությամբ գործողություններ են իրականացվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մարց-Աթան ավտոճանապարհի 25 կմ հատվածում մոտ 200 մետր երկարության հատվածը սողանքային է եւ վտանգ է ներկայացնում վարորդների ու անցորդների համար։

Հետազոտման աշխատանքները սկսվել են մոտ 1  ամիս առաջ, որոնց արդյունքում որոշվել է սողանքի արհեստական իջեցումն իրականացնել պայթեցման միջոցով։

Ըստ աղբյուրի՝ ողջ ժայռի տակով ջուր է հոսում և պետք էր բացել ջրի հոսքն ու արագացնել սողանքային հատվածի իջեցումը։ Սակայն պայթցումից հետո պարզ է դարձել, որ ամբողջ շերտը չի իջել, և սողանքի վտանգը դեռ առկա է։ Ներքևի հատվածն իջել է, սակայն մասնագետները նշեցին, որ 1-2 օրից վերևի մասն ինքն իրեն կփլուզվի։

Կառավարությունը հետազոտության ու պայթեցման աշխատանքների համար հատկացրել է մոտ 25 մլն դրամ։