Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 16, 24News

166319

Հուլիսի 15-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: 

Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը նախևառաջ նշեց, որ բարեկամական Ֆրանսիա պետությունը հայերի համար հյուրընկալ տուն է եղել, և հսկայական հայ համայնքը Ֆրանսիայում կարողացել է ինտեգրվել, ակտիվորեն մասնակցել երկրի կյանքի տարբեր ոլորտներին: «Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում փորձում է ստեղծել փոխվստահության վրա հիմնված գործակցություն՝ ամենից առաջ բացահայտելով սփյուռքի ներուժը, ճանաչելով սփյուռքն իր ամբողջ բարդությամբ: Գրասենյակն այս իմաստով պիտի նաև ռազմավարություն և քաղաքականություն մշակող մարմին լինի, և սփյուռքի հետ աշխատանքում, բնականաբար, Ֆրասնիայի հայ համայնքը պատկառելի տեղ ունի»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայիս վիճակին՝ ավանդական և նոր սփյուռքներին և նրանց մարտահրավերներին, կարևորվեց համայնքի կապը պատմական հայրենիքի հետ, սերտ աշխատանքը համայնքային կառույցների հետ:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը բարձր գնահատեց հայերի ներդրումը Ֆրանսիայի տարբեր ոլորտների զարգացման գործում և վերհիշեց այնպիսի անուններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Միսաք Մանուշյանը, Արսեն Չաքրյանը և այլք: Կարևորվեց Ֆրանսիայի ավանդը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Դեսպանն անդրադարձավ նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդի (CCAF) արդյունավետ գործունեությանը, որի համանախագահներն են Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիմնականում հենց այս խորհրդի միջոցով է պետությունը հարաբերվում հայ համայնքի հետ:

Երկուստեք նշվեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքում դրական տրամադրություններ են տիրում հայրենի պետության հանդեպ, և դա նկատելի է նաև ֆրանսիահայ համայնքում: