Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծում է «Սոցիալական շտապօգնություն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում, որը նպատակ ունի միավորել հայաստանյան բոլոր բարեգործական կազմակերպություններին, մարդասիրական նախաձեռնություններին և անհատներին` համատեղ ջանքերով գտնելու ուղիներ` աջակցության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման համար:

«Սոցիալական շտապօգնությունը» միտված է միավորելու ոչ միայն կազմակերպությունների, հիմնադրամների կամ բարեգործական կազմակերպությունների ջանքերը, այլև՝ անհատների, ովքեր կարող են և ցանկանում են իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց:

Նախաձեռնության առաջին քայլը կամավորների բանկի ստեղծումն է, որը հնարավորություն կտա գնահատելու մեր ունեցած մարդկային, մասնագիտական ռեսուրսները, ծառայությունների բազմազանությունն ու բաշխվածությունը՝ ըստ տարածքների:

«Սոցիալական շտապօգնության» կամավորների ռեեստրում գրանցումը կատարվում է բացառապես կամավորության սկզբունքով և փոխօգնության գաղափարախոսությամբ:

 «Սոցիալական շտապօգնության» համակարգի շրջանակներում տրամադրվող հիմնական սոցիալական ծառայություններն են.

1)       Հոգեբանական օգնություն.

2)       Խնամքի ծառայությունների միանվագ տրամադրում.

3)      Փաստաբանական օգնություն (քաղաքացիական գործերով).

4)      Կացարանի տրամադրում.

5)      Բնաիրային օգնություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սոցիալական շտապօգնության» գաղափարի իրականացման հարցում փնտրում է գործընկերների: