Ցոլակյանը տեսակցել է տուժած փրկարարներին,ստուգել վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 30, 24News

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայրում նախարարին դիմավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրել է, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները:

ԱԻ նախարարը հանձնարարել է աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը և վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելեց բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրել կատարվածը:

Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպել է Սիմոնի հարազատներին և հուսադրել, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ:

Նա տեղեկացրել է, որ խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստացել է հավաստիացում, որ հիվանդի վիճակը բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում Սիմոնին ուղղաթիռով կտեղափոխեն Երևան՝ հետագա մասնագիտական բուժման: