«Չեմ հասկանում՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում»․ դատարանում «Դոն Պիպոն» չի ընդունել մեղադրանքը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

դոն

Քրեական աշխարհի հետ կապեր ունեցող Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) անունով հայտնի Արթուր Ասատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին նա հայտարարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում։

«Չեմ հասկանում՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում, չեմ ընդունում մեղադրանքը»,–ասել է Արթուր Ասատրյանը։

Պաշտպան Գեղամ Հակոբյանի հուշումից հետո ամբաստանյալը հստակեցրեց, որ ոչ թե չի ընդունում մեղադրանքը, այլ այն իր համար հասկանալի չէ և դրա վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դատավորը նիստի մեկնարկին լրագրողներին արգելել էր տեսանկարահանել դատական նիստը։ Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը տեսանկարահանմանը չէր առարկել, սակայն գործով ամբաստանյալ Արթուր Ասատրյանը և նրա պաշտպանները դեմ էին արտահայտվել։ Լրագրողներն առաջարկել էին  դատարանին պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել մասնակի և թույլ տալ տեսանկարահանել դատավորին և մյուս կողմին։ Դատավորը մերժել էր միջնորդությունը։

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Արթուր Ասատրյանը 2017 թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի, Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Վերջիններիս վերաբերյալ քրգործը քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանին և «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության  նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։

Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին  Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել։