Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի փակման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ միջոցառումների մեկնարկը Դավիթ Տոնոյանն այցելել է մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցել է հայկական թիմի անդամների հետ, շրջել այլ պետությունների տաղավարներում: 

Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում:

«Ալաբինո» զորավարժարանում ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է «Տանկային բիաթլոն» մրցաձևի եզրափակիչ փուլ անցած թիմերի ելույթներին: 

Օրվա ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին: