Փաշինյանը գնացել էր համոզելու, հասկացավ՝ ուղղորդում չկա, ջերմուկցիները հետ կանգնող չեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Բնապահպան Սիլվա Ադամյանի տպավորությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ին Ջերմուկ կատարած այցի ժամանակ փորձում էր հանրությանը համոզել՝ Ամուլսարը պետք է շահագործվի։ 24News-ի հետ զրույցում Սիլվա Ադամյանն ընդգծեց, որ վարչապետը պետք է իմանա՝ Ջերմուկը Հայաստանի սիրտն է, որն անփոխարինելի առողջարան է աշխարհի մակարդակով։

«Վարչապետը Ջերմուկում ասաց, որ չի կարող առանց հիմքերի զրկել «Լիդիանին» աշխատելու լիցենզիայից։ Թեև բնապահպանները միշտ հիմնավոր փաստարկներ են բերել, բայց նա հավատում է Քննչական կոմիտեի հայտարարություններին։ Մի բան պետք է հստակ հասկանալ՝ աշխարհում չկա փորձ, որ հանք շահագործվի և ազդեցություն չթողնի շրջակա միջավայրի վրա, իսկ այս հանքը մեր առողջարանի մոտ է»,-ասաց նա։

Սիլվա Ադամյանը նաև նշեց, որ իր տպավորությամբ ջերմուկցիների հետ հանդիպմանը վարչապետը ոչ թե փորձում էր իմանալ՝ ինչ են մտածում նրանք, այլ համոզել։

«Թող կոպիտ չհնչի, բայց այցը ներկայացման էր նման։ Նա պարբերաբար տարբեր տեղերում ասում էր՝ եկեք թույլ տանք աշխատեն, եթե սխալներ անեն, կանենք մշտադիրակում ու դրա հիման վրա կփորձենք փակել հանքը։ Ինձ մոտ տպավություն էր, որ համոզում է։ Վարչապետը հրաշալի գիտի ամեն ինչ։ Եթե որևէ մեկը կասկածում է, որ նա ծանոթ չի կամ ուղեղը չի հասնում,  սխալվում է, ինքը բավական իրազեկ ու խելացի անձնավորություն է։ Ուրիշ բան, որ նա բերում է նրան, թե իրեն էդպես են ասում, ինքն էլ էդքան լավ չի հասկանում, փորձում է ճշտի։ Սա քաղաքական պրոյեկտ է, ու պրեսինգի արդյունքում որոշում է կայացվել թույլ տալ «Լիդիանին» աշխատել»,-ասաց նա։

Գնդեվազցի ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանն էլ մեզ հետ զրույցում դրական համարեց այն, որ վարչապետը վերջապես հասկացավ՝ Ամուլսարի հանքավայրի դեմ պայքարող քաղաքացիները որևէ մեկի կողմից ուղղորդված չեն։

«Որտեղ մտավ Փաշինյանը, անգամ անհատների տներ, բոլորը դեմ էին։ Նա հասկացավ, որ կոմպրոմիս չի կարող գտնել Ջերմուկում, կիսատ-պրատ լուծումներ չի կարող լինել։ Իսկ Գնդեվազ չեկավ կարծում եմ այն պատճառով, որ եթերից լսեցի մեկը նրան ասաց, թե գնդեվազցիք կողմ են, բայց կողմ մի 50 մարդ մեր գյուղում դժվար թե կարողանաք գտնել։ Գորայքը միշտ էլ կողմ է եղել»,-ասաց նա։

Թեհմինեն նաև նշեց, որ գուշակ չէ և վարչապետի ելույթներից դատողություններ անել չի ցանկանում։

«Գոյություն ունի վարչարարություն ու հռետորական խոսք, հիմա գնդակը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության դաշտում»,-ասաց նա

Մեկ այլ բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ հույս հայտնեց, որ կառավարության անդամներն ու մասնավորապես վարչապետը հասկացել են՝ ջերմուկցիները հետ չեն կանգնելու։

«Դե նրա երեկվա այցի նպատակը պարզ էր՝ նախընտրական խոստումն էր կատարում։ Բայց պետք է որ հասկացած լինի՝ հանքի շահագործման դեմ ստորագրել է 3000 տեղացի, նրանք հետ չեն կանգնելու»,-ասաց նա։

Ինգա Զառաֆյանն անդրադարձավ նաև բնապահպանական խնդիրներին և ընդգծեց, որ Ջերմուկ գնալիս Գնդեվազով անցնելիս արդեն փոշի է նկատվում, որը դեռ ընդամենը շինարարության հետևանք է։

«Դե պատկերացրեք, որ հետո պայթեցումներ են լինելու, ինչ փոշի է բարձրանալու կամ երբ հանքանյութը Ամուլսարից տանեն Գնդեվազ, փոշին պատկերացնու՞մ եք։ Դա չի կարո՞ղ հասնել Ջերմուկ, իսկ հետո այդ փոշին տեսնողը էլ կգնա՞ Ջերմուկի առողջարան։ Այս տեսակ բաներն անգամ ոչ մասնագետներին է պարզ»,-ասաց նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news