Զենքի մատակարարման տենդերի մասով քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Իրավական

ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող  «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:

Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «ORSIS»-ի ներկայացուցչին, տեղեկացրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական «ORSIS» ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։