Փոխգնդապետին ծեծի ենթարկելու դեպքի հետ առնչություն չունեմ. Վայոց Ձորի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակություն

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը 24News-ի հետ զրույցում հերքեց իր մասնակցությունը սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում փոխգնդապետ Հարություն Գրիգորյանին ծեծի ենթարկելու միջադեպին։

Նա մեր հարցին պատասխանեց հարցով․ «Ո՞նց եք պատկերացնում, հարբած զինվորականները մարզպետի ներկայությամբ իրենց նման կերպ կպահեի՞ն»։ 

Այնուամենայնիվ, մարզպետը դեպքից որոշ մանրամասնություններ պատմեց․ «Տուն վերադառնալիս օգնականիս վրա հարձակվել են 5 հարբած բարձրաստիճան սպաներ, քանի որ ինքը դիտողություն է արել բակում հայհոյող այդ սպաներին։ Հետո փորձել է ինքնապաշտպանվել, քանի որ հետպանդել են իրեն, հետևից բարձրացել մինչև 3-րդ հարկ։ Հրմշտոց ու քաշքշոց է եղել, հետո իջել են ներքև։ Եթե պատկերացնեք այդ սպայի մարմնի չափերը, չեք մտածի, որ ծեծել հնարավոր է։ Ինչքանով տեղյակ եմ, ինքն ընկել է աստիճանավանդակից։ Գործի քննությունը մանրամասները կպարզի»,-ասաց նա։

24News-ի հարցին, թե ինչ պատճառով են սպաները հարձակվել իր օգնականի վրա, Տրդատ Սարգսյանը պատասխանեց՝ դիտողություն անելու։ 

«Այդ մարդիկ բակում հայհոյել են, օգնականս էլ դիտողություն է արել բակում նման պահվածք ունենալու համար։ Դե իրենք բարձաստիճան սպա են, և ոչ մեկն իրավունք չուներ դիտողություն անել։ Սա էլ կռվի պատճառ է դարձել։ Իսկ ընդհանրապես, այդ բակի բնակիչները միշտ էլ բողոքել են հենց տուժողի վարքից՝ միշտ հարբել է և կռիվներ սարքել»,-ասաց մարզպետը։ 

Ինչ վերաբերում է մարզպետին և մամուլում տեղ գտած հրապարակումներին, որ հենց իր ներկայությամբ է կռիվը եղել, Տրդատ Սարգսյանը նշեց, որ գործին մասնակցություն ունեցող սպաները փորձում են իրենց կաշին փրկել։ 

«Հիմա մտածում են՝ մարզպետի գործոնը խառնելով կարող են ինչ-որ բան շահել, բայց ես հետամուտ եմ լինելու գործի արդար քննությանը, որ բոլոր մեղավորները պատասխան տան։ Կեղծ ցուցմունք տվողները մի հատ էլ պատժվելու են կեղծ ցուցմունք տալու համար։ Բայց նաև պետք է պարզել, թե ով է ուղղորդել կեղծ ցուցմունք տալ»,-ասաց Վայոց ձորի մարզպետը։

Տրդատ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ նշված օրը ինքը տուն է վերադարձել ժամը 22-ի սահմաններում, դեպքը տեղի է ունեցել 23։30-ից 24-ն ընկած ժամանակահատվածում։

«Իմ շենքի բակում կան տեղադրված տեսախցիկներ, որոնք ֆիքսում են իմ մուտքն ու ելքը, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այդ օրվա նկարածը։ Ապրում եմ 5-րդ հարկում և չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կմտածի՝ ավելի ուշ պատուհանից եմ թռել գնացել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ձերբակալվել է Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածով։

Պարզվում է նաև միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը։

Նյութը՝ Հասմիկ Կիրակոսյանի