Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է․ Զեյթունի ոստիկանները գտել են կասկածյալին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնել էր, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րոպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ է հնչել․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտում էին, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ անց տղամարդը մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Ռուբինյանց փողոցում ապրող 30-ամյ մի տղամարդ տանից դուրս է կանչել 49-ամյա տղամարդուն՝ զրուցելու։ Արդեն շենքի բակում մեկ-երկու բառ փոխանակելուց հետո դանակահարել է նրան։ Զեյթունի ոստիկանները, լույսը դեռ չբացված, կասկածյալին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին։ Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

Դեպքի վայրի զննությամբ՝ հայտնաբերվել են արնանման հետքեր ու դանակ, որն, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։