Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

քոչարյան

ՄԻԵԴ-ն Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։

Ըստ ՄԻԵԴ-ի պաշտոնական տեղեկատվության՝ խորհրդատվական կարծիքի դիմումն ստացվել է 2019-ի սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 2-ին Մեծ պալատի հանձնաժողովի կողմից այն վարույթ է ընդունվել: Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, վերջինիս նախագահը սահմանել է ժամկետներ գրավոր փաստարկ ներկայացնելու համար։

Մեծ պալատի նախագահը հրավիրել է դատավարության կողմերին՝ Ազգային ժողովին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մինչև 2019-ի նոյեմբերի 19-ը գրավոր դիտարկումներ ներկայացնելու:

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին ՀՀ ՍԴ-ն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ: